Բուժական ֆիզկուլտուրա հարթաթաթության ժամանակ
Հարթաթաթության գրեթե բոլոր տեսակների հնարավոր բարդությունների կանխարգելման և վերականգնման հիմնական գործոններն են՝ համալիր ֆիզիկական վարժությունները, մերսումը, օրթեզավորումը (ներդիրներ, շտկող սարքեր և այլն):
Հարթաթաթության բոլոր աստիճանների դեպքում կիրառվող վարժությունների կոմպլեքս.
  • Նստել բարձր աթոռի վրա և ոտնաթաթի մատները պարզած ռետինե գնդակը գլորել տարբեր ուղղություններով: Վարժությունը կարելի է կատարել առանց ժամանակային սահմանափակման:
  • Ձեռքերով բռնել աթոռի թիկնակը և ոտնաթաթերի վրա հենվելով կատարել կքանիստ: Վարժությունը կարելի է կատարել  5-ից 10 անգամ:
  • Ձեռքերով բռնել աթոռի թիկնակը, աջ և ձախ  ոտաթաթը՝ մատները ձգած հերթափոխելով բարձրացնել վեր: Վարժությունը կատարել 10-ից 15 անգամ։
  • Աթոռի թիկնակից բռնած, մեկ ոտքով կանգնելով մի փոքր բարձության վրա,
    հերթափոխելով աջ և ձախ ոտնաթաթերը կատարել վարժությունը՝ ձգելով
    ոտնաթաթի մատները: Վարժությունը կատարել 10-ից 15 անգամ։
  • Ոտնաթաթի մատները ձգած բարձրացեք աստիճանով, իսկ հետո իջեք ներքև՝ փոխելով հենվող ոտնաթաթը: Վարժությունը կատարել 5-ից 10 անգամ։
  • Դանդաղ քայլել ոտնաթաթերի մատների վրա: Վարժությունը կարելի է կատարել առանց ժամանակային սահմանափակման:
  • Թռիչք ոտնաթաթի մատների վրա. Վարժությունը կարելի է կատարել առանց ժամանակային սահմանափակման:
  • Նստել հատակին,  սկզբում աջ, ապա ձախ ոտքով՝ ձգված մատներով օդում գրել ութ թվանշանը: Վարժությունը կատարել 3-ից 8 անգամ:
  • Ոտնաթաթերի վրա կանգնած, երկու ձեռքերով հենվել պատին, կատարել հրումներ առաջ և ետ:  Վարժությունը կատարել 3-ից 6անգամ:
  • Մեջքի վրա պառկած, ոտքը հպել պատին և ստեղծել ձգված մատներով պատի վրա վեր ու վար անելու, քայլելու իմիտացիա: Վարժությունը կատարել 3-ից 6 անգամ:
Մերսում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել հարթաթաթության առաջացման պատճառը: Հարթաթաթության դեպքում միայն մասնագետն է կատարում տեղային մերսում։

Հարթաթաթության բուժման և կանխարգելման համար խորհուրդ է տրվում օգտագործել անհատական ներդիրներ և հատուկ կոշիկներ: Շատ կարևոր է անհատական ներդիրներ կրումը: անհատական ներդիրներ տեսակն ընտրելիս հաշվի է առնվում հիվանդի քաշը, հարթաթաթության աստիճանը, նրա ֆիզիկական վիճակը և մասնագիտությունը։

Անհատական ներդիրներ ստանալուց հետո անձը կարող է ընտրել կոշիկներ՝ ըստ իր ճաշակի, հաշվի առնելով կոշիկներ ընտրելու որոշ կանոններին.
  • Նոր կոշիկն անհրաժեշտ է փորձել արդեն անհատական ներդիրը տեղադրված վիճակում
  • Կոշիկի կրնկամասի և թաթի տարբերությունը պետք է լինի առնվազն 1 սմ և ոչ ավելի, քան 1,5սմ
  • Կոշիկները պետք է ունենան ամուր կրնկամաս, բարձր կողեր և կարգավորվող ոտնաթումբ՝ քուղերով կամ ինքնակպչուն ժապավենով
  • Կոշիկը  պետք է հարմարավետ գրկի ոտքը, չսեղմի հատկապես ոտնաթաթի առջևի և միջին մասում:
  • Ցանկալի է, որ կոշիկները պատրաստված լինեն հիպոալերգեն նյութերից, լինեն ամուր, բայց միևնույն ժամանակ նաև առաձգական։
Անհատական ներդիրներ կրելիս պետք է պահպանել հետևյալ կանոնները
  • Բացառել ոտաբոբիկ քայլելը
  • Երեկոյան  խորհուրդ է տրվում ոտնաթաթի տաք վաննա ընդունել, կամ կատարել  ոտնաթաթի ամենօրյա խնամք
  • Բացառել հիպոթերմիան, ինչպես նաև ոտնաթաթի մաշկի վրա ցանի առաջացումը
  • Հետևել անհատական ներդիրների վիճակին և պահպանել հիգիենայի կանոնները